Հայաստանը Մաքսային թունելում է հայտնվել, որի վերջում լույս չի երեւում: Այս մասին այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ 2011-ի աշնանը Սերժ Սարգսյանն այցելել էր Ռուսաստան, որտեղ ստորագրվել էր քսան պայմանագիր: Դրանից հետո Սարգսյանն ու Պուտինը համատեղ մամուլի ասուլիսով էին հանդես եկել, որի ժամանակ հայտարարել էին, որ մշակվելու է Մաքսային միությանը Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզ: Սակայն որոշ ժամանակ անց Հայաստանը սկսեց խոստումներ տալ Արեւմուտքին, որ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ միեւնույն է գնալու է եվրաինտեգրման ուղիով: «Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում էին: Սակայն շուտով Ռուսաստանը սկսեց ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ներկայացնելով բոլոր այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին երկու երկրների միջեւ: Ռուսաստանի նպատակն էր խանգարել Վիլնյուսյան գագաթաժողովին ու Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը»,-ընդգծել է Սաֆարյանը:
Ընդդիմադիրը պահանջել է Հայաստանի իշխանություններից հրապարակել Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզը. «Հայտնի է, որ դեկտեմբերի 24-ին ինչ-որ համաձայնագիր կստորագրվի, իսկ 2014-ի փետրվարին կսկսվի Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացը: Ես պահանջում եմ հրապարակել այդ ճանապարհային քարտեզը»:
«Ժառանգության» քարտուղարը կարծում է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող Եվրասիական միությունը տնտեսական միություն չէ, իսկ «Պուտինի կարծիքով՝ այն դառնալու է աշխարհի նոր քաղաքական բեւեռը»:




























