Եվրոպական միությունը չի հրաժարվում հայ ժողովրդից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Վիլնյուսից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» սոցիալ-քաղաքական թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի ու ԵՄ միջեւ Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում ստորագրված հայտարարության տեքստում ասվում է, որ կվերանայվի Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը:
Նրա խոսքով՝ ԵՄ ընդլայնումից հետո Արեւելյան գործընկերության ներկայիս երկրները սկսել են դիտարկել որպես Նոր Արեւելյան Եվրոպա: «Պատահական չէ, որ Լեհաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարների վերջին համատեղ հոդվածը կոչվում է «Միացյալ Եվրոպա»,-հավելել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը չի նախաստորագրել, քանի որ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցելության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը:




























