Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հանդիպում է ունեցել ՂՀ Խորհրդարանի Սենատի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաեւի հետ:

Սենատի խոսնակը ողջունեց Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ նրան արդյունավետ աշխատանք մաղթել:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ արձանագրելով նաեւ հայ եւ ղազախստանցի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջազգային, մասնավորապես՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների ձեւաչափերում: ՀՀ դեսպանը ընդգծել է երկու երկրների ղեկավարության ցանկությունը՝ երկկողմ համագործակցության օրակարգը հագեցնելու եւ իրավապայմանագրային լայն հիմքեր ձեւավորելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին: Կ-Ժ.Տոկաեւը դրական է գնահատել ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ խոստանալով Ղազախստանի օրենսդիր մարմնի աջակցությունն անդամակցման համար հարկավոր ընթացակարգերն ավարտելու գործում: