Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, այցելել է Բնապահպանության նախարարություն, որտեղ ծանոթացել է աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով եւ այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով, նաեւ պատասխանել նախարարության աշխատակիցների հարցերին:

Նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ առանձնացնելով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության եւ թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքի ուղղությամբ աշխատանքներն ու բնապահպանության ոլորտի մի շարք մարտահրավերներ, այդ թվում` ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործող ենթաճյուղերի արագ զարգացման արդյունքում ջրային ռեսուրսների գերշահագործումը: Նախարարը զեկուցել է նաեւ ս.թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ Արարատի եւ Արմավիրի մարզերի ապօրինի շահագործվող խորքային հորերի լուծարման ուղղությամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Իրավիճակին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել հանձնարարականների կատարման ընթացքը եւ ամենամսյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակը:

Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից՝ հարցը դիտարկելով 2010թ. ընդունված Բնապահպանության ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների եւ նախատեսվող գործընթացների համատեքստում:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության եւ գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական սահմանների ընդլայնում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կարգավորում, այս ուղղությամբ միջազգային փորձի կիրառում եւ այլ երկրների հետ համագործակցության սերտացում:

Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող եւ նախատեսված ծրագրերը:

Զեկույցները լսելուց հետո, ՀՀ նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին եւ պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին:

Խորհրդակցության ավարտին անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների եւ հասարակության ուշադրության կենտրոնում են: Նրա խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր եւ հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա եւ ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետեւանքների: Ըստ նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով եւ բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետեւանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաեւ՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի եւ ոլորտի այլ խնդիրների մասին՝ նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, եւ դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որեւէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու եւ գնալով ոչ միայն բնապահպանների, այլեւ տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու:

Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին եւ այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից եւ եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»:

Խորհրդակցության ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին եւ կարեւորել քննարկված բոլոր խնդիրների լուծման համար հստակ ժամկետների սահմանումը: Նման մոտեցումը Նախագահը կարեւորել է նաեւ այլ ոլորտների պարագայում:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այսօր արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների եւ մոնիթորինգի բաժնի պետ Հովիկ Աղինյանը, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը եւ աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Ստեփանյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով: