Վերջին 20 տարիներին Հայաստանն ավելի շատ ժամանակ է կորցրել, քան հասել ինչ-որ բանի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Վիլնյուսից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» քննարկման ժամանակ նշել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծել է, որ չի կիսում համակրանքը ոչ ԵՄ-ի, ոչ Մաքսային միության նկատմամբ: Ալավերդյանի խոսքով՝ խնդիրը Հայաստանում է, իշխանությունների անարդունավետության, թե արտաքին, թե ներքին քաղաքականության խնդիրներում կոնկրետ հարցադրումների բացակայության մեջ է:
Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից այս իրավիճակում աններելի արարքներ են կատարվել: «ԵՄ-ի մեղքն է, որ հայ ժողովուրդը դադարել է հավատալ իրենց: ԵՄ բոլոր կառույցների մեղքն է, որ Հայաստանում խախտումներով անցկացվող ընտրությունները լավ գնահատականների էին արժանանում ԵՄ-ի կողմից»,-ասել է առաջին օմբուդսմենը:

«Ես համարում եմ, որ մենք պետք է ինքներս մեզ նայենք, հասկանանք, թե որտեղ ենք հայտնվել եւ կարողանանք ելք գտնել այս իրավիճակից: Սա ոչ թե փակուղի է ԵՄ-ին անդամակցելու հարցում, այլ՝ մեր զարգացման: Երկիրը չի ապրում, այլ գոյատեւում է: Ահա որտեղ եմ ես տեսնում խնդիրը»,-ամփոփել է Ալավերդյանը: