Հայաստանի Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը բարելավելու համար 2013 թվականի ավարտին ոչ մի դրական օրենք չընդունեց, հետեւաբար` 2014 թվականին մեր կյանքը թշվառության եւ աղքատության ներքո շարունակվելու է, դեռ ավելին՝ այս ամենին նոր տարում ավելանալու է առաջին սպառման ապրանքների գների կտրուկ աճ եւ նոր լրացուցիչ հարկային բեռ` տարբեր հարկատեսակների գանձման միջոցով: Այս մասին «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«ՀՀ կառավարությունը 2013 թվականի ավարտին կրկին արձանագրեց Հայաստանի քաղաքացիներին պատկանող ունեցվածքի զավթում, որը նվիրատվության միջոցով փոխանցվեց Ոուսաստանի Դաշնությանը, այս անգամ՝
• գույք պարտքի դիմաց գործարքի առարկան «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասն էր,
• Գյումրիի մի նոր հսկայական մասը ռուսական 102-րդ ռազմաբազային տրմադրելը,
• Երեւանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային տրամադրելը:
Սա Պուտին-Սերժ Սարգսյան՝ տեղի ունեցած ապօրինի գործարքի հանրության համար հրապարակված տեղեկատվությունն է, իսկ հանրությանը դեռ անհայտ քանի ապօրինի գործարքներ եւ հանցավոր համաձայնություններ են ձեռք բերվել նրանց միջեւ. մտահոգվելու համար ունենք բավարար հիմքեր»,-ասել է նա:
Փոստանյանի խոսքով՝ Ռուսաստանը, շարունակելով խորհրդային, վարչահրամայական նշանակված անձանց միջոցով առավել կենտրոնացված ղեկավարումը Կրեմլի կողմից գործուղված եւ նրա հովանավորությունը վայելող անձի միջոցով, փաստացի գուբերնատորի պաշտոնում լիազորություններով օժտեց Սերժ Սարգսյանին, ինչը հանդուրժելը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության կորստին:
«2013 թվականի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության 22-րդ ամյակի ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը եւ նրա սպասարկուները կասկածի եւ հարվածի տակ են դնում հայ ժողովրդի ինքնիշխան ապրելու, զարգանալու եւ վերամիավորվելու գաղափարը:
Սիրելի´ հայրենակիցներ, դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձն է, 22 տարի առաջ հայ մարդը, գտնվելով Արցախյան ճակատում, Երեւանի սրտում, հեռավոր ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ այլուր` արժանապատիվ ազգային-ազատագրական պայքար մղեց՝ հանուն իր ազատությունների եւ հաղթեց:
Այսօր ազգային-ազատագրական պայքարը նորից օրակարգում է, ոչ ոք իրավունք չունի անմասն մնալ պայքարից:
Ուրեմն` բոլորս դուրս ենք գալիս փողոցներ եւ հրապարակներ, մեր պահանջները կարող են լինել տարբեր, սակայն ունեն մեկ թիրախ` Սերժ Սարգսյան եւ նրան սպասարկող բռնազավթիչներ: 2013-ը ճանապարհում ենք եւ 2014-ը դիմավորում ենք համընդհանուր ընդվզումներով»,-հայտարարել է «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ժամանակի կոչն է` հանրահավաքներ, բողոքի երթեր, ցույցեր, գործադուլներ եւ Հաղթանակ:





























