ՀԱՀ-ի իշխանությունները կիրակի օրն աղոթքի ազգային օր կհայտարարեն՝ ի հիշատակ հինգշաբթի օրը կյանքից հեռացած նախկին նախագահ Նելսոն Մանդելայի, ասված է կառավարության մամուլի հաղորդագրությունում։
«Մենք կիրակին՝ դեկտեմբերի 8-ը, աղոթելու եւ մտորելու օր ենք հայտարարել։ Մենք բոլորին կոչ ենք անում հավաքվել եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում՝ աղոթելու եւ Մանդելայի կյանքի, աշխարհում եւ մեր երկրում նրա ներդրած ավանդի մասին խորհելու համար», - կառավարության հաղորդագրությունն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Ռասայական խտրականության դեմ պայքարի առաջամարտիկի պետական հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 15-ին՝ նրա ծննդավայր Կունու գյուղում։
Հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի ֆուտբոլային մարզադաշտում։ Ներկա կլինեն աշխարհի շատ առաջնորդներ։ Մանդելայի հարազատների եւ ընկերների համար հրաժեշտի առանձին արարողություն կկազմակերպվի։



























