Կոմայգու աշխատողը փոցխով հարվածել է միասեռական մարմնավաճառներից մեկին, վերջինս էլ դատի է տվել նրան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց այգու աշխատակիցը, որը խնդրեց չհրապարակել անունը։
60-ամյա տղամարդը պատմեց, որ մոտ կես տարի է՝ աշխատում է այգում, միջադեպը եղել է 2 ամիս առաջ, երբ ինքը գիշերը տարածքն էր մաքրում տերեւներից: «Իրանք այգում ներսի մասը նստարանին նստած էին, մեկը ոնց որ աղջիկ էր, մյուսը տղա: Մոտեցա՝ ասեցի կարա՞մ էս մասը մաքրեմ, ու երբ մաքրում էի նրանք պահանջեցին, որ գնամ, ձեռ էին առնում, հայհոյում էին եւ տենց վեճ եղավ, ջղայնացրեցին ինձ»,- դեպքի մանրամասները պատմեց Կոմայգու աշխատողը:
Նրա խոսքով՝ վեճի ժամանակ ինքը չի դիմացել ու ձեռքի փոցխով հարվածել է մարմնավաճառներից մեկին. «Հետո սկսեցին սպառնալ ու օրգանի աշխատողներ եկան, հետո իմացա, դատի են տվել»։
Դատական նիստը դեկտեմբերի 10-ին է նշանակված, բայց կոմայգու աշխատողն ասաց, որ դատ չի լինի, եւ բողոքարկող մարմնավաճառները հայցադիմունը հետ կվերցնեն, քանի որ վերջերս «զրուցել են եւ իրար հասկացել». «Իրանք հասկացան, որ իրանք են սխալ եղել ու փոշմանել են, որ բողոք են գրել»:




























