Արեւմտյան Հնդկաստանում ոստիկանությունը կալանավորել է երկու տղամարդկանց, որոնք կասկածվում են Մահարաշթրա նահանգում սեւ մոգության եւ սնահավատության դեմ պայքարի ակտիվիստի սպանության համար։

Նարենդա Դաբհոլկարը սպանվել էր ավելի քան երեք ամիս առաջ՝ Պունա քաղաքում առավոտյան զբոսանքի ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վերջին տասնամյակներում Դաբհոլկարը փորձում էր պայքարել հնդիկ գուրուների եւ հոգեւոր առաջնորդների հետ, որոնք պնդում էին, թե ընդունակ են հրաշագործությունների։ Բացի այդ, նա պայքարում էր ծիսակարգային զոհաբերությունների դեմ։

Ակտիվիստի սպանությունն ամբողջ երկրում վրդովմունք էր հարուցել, իսկ Մահարաշթրա նահանգում բնակիչների զանգվածային բողոքներ էին սկսվել։