«Իջեւանի» հիվանդանոցում հոկտեմբերի 2-ին Գետահովիտ համայնքի բնակիչ, 51-ամյա տաքսու վարորդ Միշա Ադամյանի մեղվի խայթոցի հետեւանքով մահանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ տղամարդը մահացել է ալերգիայի արյան մեջ ներթափանցելու հետեւանքով, այսինքն՝ նրա մահվան մեջ բժշկական սխալ չի հայտնաբերվել:
Նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով՝ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գետահովիտ համայնքի բնակիչ 51-ամյա Միշա Ադամյանը հոկտեմբերի 2-ին, մահացել է մեղվի խայթոցի հետեւանքով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իջեւանի հիվանդանոցի տնօրեն Համլետ Չոբանյանը տեղեկացրել է, որ Միշա Ադամյանը ինչ-որ հյութ էր խմել, որի մեջ մեղու կար եւ մեղուն կծել էր նրա շրթունքի ներսի հատվածը:
Նա տեղեկացրել է, որ բերանից հանել են խայծը, սխտոր են քսել, մի քանի րոպե մնացել է, բայց հետո գիտակցությունը կորցրել է, մեքենայով բերել են հիվանդանոց, ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ: «Մենք ձեռնարկեցինք վերակենդանացման բոլոր միջոցառումները՝ ներարկումներ, արհեստական շնչառություն եւ այլն, բայց շատ արագ մահացավ, ալերգիկ ռեակցիա էր տվել, անաֆիլակտիկ շոկի մեջ էր ընկել»,- ասել էր Համլետ Չոբանյանը:




























