«Իջեւանի» հիվանդանոցում  հոկտեմբերի 2-ին  Գետահովիտ համայնքի բնակիչ, 51-ամյա Միշա Ադամյանի մեղվի խայթոցի հետեւանքով մահանալու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնից:

Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Միշա Ադամյանը հյութ է խմել եւ չի նկատել դրա մեջ եղած մեղուին, իսկ մեղուն կծել է շրթունքի ներքեւի հատվածից՝ լորձաթաղանթից, իսկ այդ դեպքերում փրկելը շատ դժվար է: «Միանգամից վատացել է, մինչեւ հասցրել են հիվանդանոց, մահացել է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ բժիշկները փորձել են ամեն ինչ անել:

Գյուղապետը տեղեկացրեց, որ նա տաքսու վարորդ էր աշխատում Իջեւանում, ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու որդի եւ մեկ դուստր: Որդին եւ դուստրը ամուսնացած են: Գյուղապետի փոխանցմամբ՝ կինը չի աշխատում, տան կերակրող ձեռքը ամուսինն էր, ընտանիքն էլ միջին սոցիալական պայմաններում է ապրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, էր Գետահովիտ համայնքի բնակիչ  51-ամյա Միշա Ադամյանը երեկ՝ հոկտեմբերի 2-ին, մահացել է  մեղվի խայթոցի հետեւանքով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իջեւանի հիվանդանոցի տնօրեն Համլետ Չոբանյանը տեղեկացրել է, որ Միշա Ադամյանը ինչ-որ հյութ էր խմել, որի մեջ մեղու կար եւ մեղուն կծել էր նրա շրթունքի ներսի հատվածը:

Նա տեղեկացրել է, որ բերանից հանել են խայծը, սխտոր են քսել, մի քանի րոպե մնացել է, բայց հետո գիտակցությունը կորցրել է, մեքենայով բերել են հիվանդանոց, ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ: «Մենք ձեռնարկեցինք վերակենդանացման բոլոր միջոցառումները՝ ներարկումներ, արհեստական շնչառություն եւ այլն, բայց շատ արագ մահացավ, ալերգիկ ռեակցիա էր տվել, անաֆիլակտիկ շոկի մեջ էր ընկել»,- ասել էր Համլետ Չոբանյանը: