2013թ. Վաշինգտոնն Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլար է հատկացրել տնտեսության արդիականացման, ժողովրդավարացման եւ այլ բարեփոխումների համար, «որոնք նպաստում են դրա եվրաինտեգրման արագացմանը»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, փոխանցում Forbes.ru-ն։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է եվրոպացի դաշնակիցների հետ Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցելու հարցում։ Հարֆը նշել է, որ ԱՄՆ-ն 1991թ.-ից Ուկրաինային օգնում է «ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կառուցման հարցում»։
Ըստ Հարֆի՝ հատկացված միջոցներով բարեփոխումներ են իրականացվում մաքսային վերահսկողության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, դատական համակարգի կատարելագործման ոլորտում: Աջակցություն ցուցաբերվում է այն բոլոր ոլորտներում, որոնք նպաստում են «ավելի խոր ինտեգրմանը եւ ԵՄ ստանդարտներին համապատասխանեցմանը», նշել է Հարֆը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն հանդես էր եկել Ուկրաինայի ընդդիմության աջակցությամբ, որը պահանջում է երկրի ղեկավարության հրաժարական եւ եվրաինտեգրացիա: ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նյուլանդը երկրի իշխանություններին կոչ էր արել «արդարացնել իր ժողովրդի սպասելիքները»: Կիեւում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետը դատապարտել է Կիեւում եվրաինտեգրման կողմնակիցների ցույցի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելը: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը հայտարարել է, որ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելը կհանգեցնի Յանուկովիչի մեկուսացմանը՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից:



























