Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով հիմնական տուժող՝  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանն, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վթարի է ենթարկվել: Մեր տեղեկություններով՝ նա այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

«Հավատացյալ չեմ եւ Աստծո դատաստանին այդքան էլ չեմ հավատում, սակայն տեղեկացնեմ, որ այսօր Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկներում վթարի է ենթարկվել եւ հիվանդանոց է տեղափոխվել իմ դեմ հարուցված քրեական գործով հիմնական «տուժողը»՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը: Ինչեւէ, ցանկանում եմ իրեն ապաքինում, որպեսզի Հայաստանում Սահմանադրական իրավակարգի հաստատումից հետո, ինքը, ինչպես նաեւ իմ դեմ գործեր սարքող բոլոր մնացածները առողջ վիճակում կանգնեն դատարանի առաջ եւ Օրենքի առաջ պատասխան տան իրենց բոլոր ապօրինությունների համար...»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով: