Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին. Վերջինս հետաքրքրվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպով:
Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին, Գեւորգ Կոտանյանն առանձնացրել է երկու ուղղություն որոնք, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը եւ թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:
Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազն անդրադարձել է 01.06.2013թ.-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին, ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները այնպես էլ՝ նախաքննության մարմնի եւ պաշտպանական կողմի իրավական գնահատականները:
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ ՀՀ դատախազության եւ ԱՄՆ դեսպանատան միջեւ համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Իրականացվող եւ իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների եւ ծավալների ճշգրտման նպատակով, պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ խորհրդակցություններ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին նախաքննական մարմինը որոշումներ կայացրեց Սյունիքի այժմ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ կալանավորված՝ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Գորիսի միջադեպի ժամանակ սպանվեց քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, վիրավորվեց երկու մարդ, այդ թվում՝ սպանվածի եղբայրը:




























