Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազատության հրապարակից երթի դուրս կգան «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի համախոհները՝ ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի երթի ժամանակ ձերբակալվածների։
«Բոլոր երկրներում դեկտեմբերի 10-ին անցկացվում են երթեր՝ ի պաշտպանություն մարդու իրավուքների, մենք նույնպես որոշեցինք այդպիսի երթ անցկացնել: Երթի մասնակիցները կլինեն Շանթ Հարությունյանի պատկերով շապիկներով, որոնց վրա գրված է լինելու «ազատություն» եւ Գայ Ֆոքսի դիմակներով»,- NEWS.am-ին ասաց Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:
Շահեն Հարությունյանի խոսքով՝ ակցիայի երթուղին դեռ որոշված չէ: «Ինչպես հայրս էր ասում, երթուղին կորոշենք տեղում` կախված մարդկանց քանակից, կարող ա գնանք նախագահականն էլ գրավենք»,-կատակեց Շահենը:
Նա բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ արեց Ուկրաինայից օրինակ վերցնել, ոտքի կանգնել եւ միանալ իրենց երթին. «Թող մարդիկ գան, ամեն մեկը կարող է իր սրտի խոսքը գրել, պաստառ պատրաստել եւ իր հետ բերել: Սա երթ է՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ ոչ մի քաղաքական ուժի կամ կուակցության հետ կապ չունի»։
Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին պատմեց, որ հորը մինչեւ այսօր չեն տեսակցել, կապ են պահպանում միայն փաստաբանի միջոցով: «Պապան լավ ա, մենակ մեզ ասել ա, որ ես ու մաման շատ զգույշ լինենք»,- ասաց Շահենը:





























