Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ՝ դեկտեմբերի 7-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին՝ խմբի ղեկավար Ռընե Ռուքեի գլխավորութամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել պատգամավորական խմբի հաճախակի այցելությունները Հայաստան եւ Արցախ եւ շնորհակալություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության եւ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց հետեւողական ջանքերի համար:

Զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության բոլոր ոլորտներում խորացման կապակցությամբ, որում կարեւոր դերակատարություն ունեն նաեւ խորհրդարանական եւ ապակենտրոնացված ձեւաչափերը։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը։