Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանիկը, որը Մալավի քաղաքի թանգարանից առեւանգվել էր այս տարվա օգոստոսին` խռովությունների ընթացքում: Այն ժամանակ պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցները հարձակվում էին թանգարանների, քրիստոնեական սրբավայրերի եւ ոստիկանական բաժանմունքների վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իշխանությունների` օգոստոսի կեսերին Մալավիի թանգարանից առեւանգվել էին հազարավոր ցուցանմուշներ: Հաղորդվում է, որ խուզարկուներն արժեքավոր ցուցանմուշը հայտնաբերել են Կահիրեի Խան էլ Խալիլի թաղամասում` սրճարանի սեփականատիրոջ մոտ:
32-սմ-անոց արձանիկը մի փոքր վերականգնման կարիք ունի, սակայն ընդհանուր առմամբ այն չի վնասվել:




























