ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կայցելի Կիեւ:
Էշթոնի այցի նպատակը Ուկրաինայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության հաստատումն է: Միաժամանակ, Էշթոնը հույս ունի օգնել Ուկրաինայի կառավարությանը՝ հաղթահարել երկրում առկա քաղաքական ճգնաժամը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը:
Էշթոնի այցի մասին հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Վիկտոր Յանուկովիչը: Զրույցի ժամանակ Բարոզուն, մասնավորապես, ընդգծել է Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Բարոզուն նաեւ Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «հարգել քաղաքացիական ազատությունները» եւ զսպվածություն ցուցաբերել:





























