ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը դեմ է երկրի Սահմանադրությունում առաջարկվող այն փոփոխությանը, որի համաձայն՝ ուղղափառությունը Ռուսաստանի ազգային եւ մշակութային ինքնության հիմքն է:

«Ես  դեմ եմ նման նախադասությանը»,- ասել է Նարիշկինը՝ հիմնավորելով, որ Ռուսաստանը բազմազգ եւ բազմակրոն երկիր է:

Տվյալ առաջարկն արվել էր Դումայի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ելենա Միզուլինայի կողմից: Վերջինս, իր իսկ խոսքով, հնչեցրել է 300 հարյուր հազարից ավելի քաղաքացիների նախաձեռնությունը:  Հանրային պալատում խնդրել են ստուգել այդ նախաձեռնությունը` հնարավոր ծայրահեղականության համատեքստում:

Սահմանադրության մեջ առաջարկվել է եւս մեկ փոփոխություն կատարել ազգային գաղափարախոսության վերաբերյալ: Այդ առաջարկի կապակցությամբ, որը հնչեցրել էր ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Նարիշկինը հայտարարել է, որ այն կհակասի  երկրում գաղափարախոսության բազմազանությունը հաստատող Սահմանադրության մյուս օրենքներին:

«Ինձ թվում է, որ մեր ազգային գաղափարախոսությունը շատ հստակ արտահայտված է Սահմանադրությունում»,- ասել է Պետդումայի խոսնակը եւ հավելել, որ «... Սահմանադրության մեջ ասվում է`մենք կառուցում ենք ժողովրդավարական, դաշնային, իրավական պետություն` կառավարման հանրապետական կարգով»: