ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Պետական զանգվածային լրատվամիջոցների գործունեության արդյունավետության բարձրացման որոշ միջոցառումների մասին» հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, մասնավորապես, կփակվեն «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերությունը, լրատվական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը եւ այլ կազմակերպություններ:
Ըստ նախագահի որոշման` ստեղծվելու է դաշնային պետական ««Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալություն»: Գործակալության հիմնական ուղղվածությունը ՌԴ-ի պետական քաղաքականության եւ երկրի հասարակական կյանքի լուսաբանումն է արտասահմանում:
Բացի դրանից, Պուտինն իր հրամանագրով Դմիտրի Կիսելյովին նշանակել է «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ադ նույն կարգադրությամբ նախագահը վերացրել է Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների պետական ֆոնդը` այն հանձնելով ՎԳՏՐԿ-ին, իսկ Ռուսաստանի գրքի պալատը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Բացի դրանից, Պուտինը վերափոխել է «Ռոսիյսկայա գազետան»` դրան միացնելով «Ռոդինա» ամսագրի խմբագրությունը:





























