«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը իր բոլոր մարտական ընկերներին կոչ է անում միանալ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորմանը, որի կառավարման խորհրդի յոթ անդամներից մեկն էլ ինքն է։ Այս մասին Սասուն Միքայելյանը հայտարարեց քաղաքական միավորման կառավարման խորհրդի՝ դեկտեմբերի 9-ին կայացած մամուլի առաջին ասուլիսում։

«Կարեւորը ժողովրդին հուսախաբ չանելն է։ Ձեւավորելու ենք խորհուրդ, որը հավատ կներշնչի ժողովրդի մեջ, եւ, երդվում ենք, որ երբեք հուսախաբ չենք անի ժողովրդին ու ժողովրդին չենք թողնի փողոցում»,- Սասուն Միքաելյան։

Սասուն Միքաելյանը հայտարարեց, որ ժամանակն է գիտակցել օրհասական այս պահին համախմբվելու անհրաժեշտությունը. «Երկիրի կործանման պահին մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ հաղթանակած ժողովուրդը պարտվի։ Մենք հաղթել ենք այս պատերազմում ու պետք է կարողանանք ամրապնդել հաղթանական ներքին միասնությամբ»,- իր մարտական ընկերներին «գիտակցության կոչ արեց» Սասուն Միքաելյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց նախաձեռնության նպատակն է երկրում ժողովրդավարություն հաստատելն ու իշխանափոխության հասնելը։ Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ են միացել իրենց նախաձեռնությանը եւ խնդիրների լուծման վերաբերյալ պատկերացումների համընկնման դեպքում իրենք պատրաստ են համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ։

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am