Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության անդամները՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանում Լիբանանի դեսպան, դոկտոր Ժան Մակարոնի հետ եւ քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես նաեւ ներկա իրավիճակը Մերձավոր Արեւելքում՝ հատկապես Լիբանանում եւ Սիրիայում:
ՍԴՀԿ մամլո դիվանից հայտնում են, որ ՍԴՀԿ ատենապետը Լիբանանի դեսպանին ներկայացրել է կուսակցության դիրքորոշումները Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, օլիգոպոլիաների դեմ պայքարի հարցերում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Լիբանանի դեսպանին իր երկրի՝ միջազգային ասպարեզում Հայաստանի հետ գործակցության համար: Լիբանանի դեսպանն իր խոսքում անդրադարձել է Լիբանան-Հայաստան գործարար կապերին, խոսել հնարավոր համաժողովի մասին, որին ի պատասխան ՍԴՀԿ ներկայացուցիչները խոստացել են իրենց աջակցությունը:
Խոսելով Լիբանանում եւ Սիրիայում տիրող իրավիճակի մասին, ՍԴՀԿ ատենապետն իր խոսքում նշել է, որ Հնչակյան կուսակցության համար շատ կարեւոր է խաղաղությունը այդ երկու եղբայրական երկրներում:





























