Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում դեկտեմբերի 7-ին Արմավիրում քրեական հեղինակությունների միջեւ կրակոցների մասին:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է.

«Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 34-ամյա Արայիկ Հ.-ն։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին։

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 22-ամյա Մխիթար Գ.-ն։

Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին  եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Կատարված աշխատանքների շնորհիվ Մխիթար Գ.-ն ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակը:

Ներկայացված հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդ. 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Մխիթար Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում քրեական հեղինակություն համարվող 22-ամյա Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով, դեկտեմբերի 7-ին, վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել է կրկին քրեական հեղինակություն համարվող 34-ամյա Արայիկ Հովհաննիսյանի վրա: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել ազդրի շրջանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Արմավիրի ոստիկանության բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը հաստատել էր տեղեկությունը:

Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին, Բագրատաշենի անցակետով փախուստի փորձ կատարելիս հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Մխիթար Գազազյանը: Նա ոստիկաններին է ներկայացել հանցագործության գործիք ատրճանակը: Գազազյանը ձերբակալված է: