Անցկացված հարցումների արդյունքում հաջողվել է բացահայտել Հայաստանի դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարների չափը եւ կաշառք տալու ձեւերը: Այս մասին դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում` Մարդու իրավունքների միջազգային օրվա նախօրեին, հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը` ներկայացնելով արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը:
Ըստ Գենյա Պետրոսյանի` ընդհանուր առմամբ, պատասխանողների մեծամասնության պնդմամբ, կաշառքի չափերը տատանվում են հետեւյալ սահմաններում. առաջին ատյանի դատարան` 500-10000 դոլար, Վերաքննիչ դատարան` 2000-15000 դոլար, վճռաբեկ դատարան` 10000-50000 դոլար: «Ընդ որում, Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնապես համագործակցող փաստաբանական գրասենյակներ, որոնց օգնությամբ էլ իրականացվում են համապատասխան գործարքներ», - նշել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, պատասխանողների մի մասի կարծիքով՝ կաշառքի գումարի չափը սահմանող միասնական չափանիշ չկա, քանի որ յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում է անհատականորեն:





























