«Ժամանակ» թերթը գրում է «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխիչների ալյանսի հրավերով մեկնում է Ստրասբուրգ՝ քննարկելու համար ալյանսի եւ ԲՀԿ-ի միջեւ համագործակցության հեռանկարները:
Այսպիսով, ըստ էության, խոսքը ԲՀԿ-ի եվրաինտեգրացիայի երկրորդ փորձի մասին է: Առաջին փորձը՝ ԵԺԿ-ին անդամակցելու տեսքով, ձախողվեց: Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը մերժեց ԲՀԿ-ին, փոխարենը ընդունեց ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին ու «Ժառանգությանը»: Այս որոշումն, իհարկե, անհասկանալի էր, որովհետեւ ինչքան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն էին ԵԺԿ-ին արժանի, այնքան էլ ԲՀԿ-ն: Թեեւ այստեղ երեւի դեր խաղաց այն, որ Սերժ Սարգսյանը եվրաասոցացում էր սկսել, իսկ ԲՀԿ-ն նրա այդ քաղաքականությանը միանշանակ աջակցություն ոչ միայն չէր հայտնել, այլեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն ֆինանսավորում էր Հայաստանում եվրասիական նախագծեր՝ հիմնականում երիտասարդական ուղղվածության, իսկ նրա ղեկավարած հայ-ռուսական ՀԿ-ների միությունն էլ ըստ էության հենց ստանձնել էր եվրասիական գաղափարի քարոզչությունը Հայաստանում: Այս ամենը Եվրոպան չէր կարող չնկատել:
Հարկ է չմոռանալ նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իր որոշումը հայտարարելուց առաջ եղավ Եվրոպայում եւ այնտեղից վերադառնալուց հետո հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին:
Այսքանով հանդերձ, հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել Եվրոպայում, որ ԲՀԿ-ի հանդեպ ուշադրության ակնհայտ թարմացում է նկատվում: Սակայն այստեղ պետք է մի պահ հասկանալ՝ այս թարմացումը հենց ԲՀԿ-ի՞ հանդեպ է, թե՞, այնուհանդերձ, այդ կուսակցության մեջ գտնվող, սակայն ակնհայտորեն, այսպես ասած, գաղափարա-քաղաքական փոքրամասնություն կազմող Վարդան Օսկանյանի հանդեպ: Այսինքն՝ Եվրոպայի համար ԲՀԿ-ն հետաքրքիր է ինքնի՞ն, թե՞ հետաքրքիր է այնքանով, որքանով այնտեղ է Օսկանյանը:
Այս իրավիճակների տարբերությունը մեծ է, որովհետեւ կախված այն բանից, թե որ իրավիճակի հետ գործ ունենք՝ մենք կարող ենք խոսել Վարդան Օսկանյանի եվրոպական այցերի հավանական արդյունքների տարբերակների մասին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























