Երեւանցի երիտասարդը հեռանկար չի տեսնում, ինչն էլ ծնում է արտագաղթի չափերի ավելացման վտանգ: Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 10-ին  հրավիրված ասուլիսին ասաց  ՀՅԴ-ական Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով, երիտասարդը այսօր բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունի: «Հատկապես պետք է առանձնացնեմ երիտասարդ ընտանիքներին բնակարանների ապահովման խնդիրը: Գիտենք, որ կառավարությունը զբաղվում է, բայց գնահատական չտանք, թե ինչպես են զբաղվում: Բայց Երեւանը որպես տեղական իշխանություն ընդհանրապես անդրադարձ չի կատարում բնակարանաշինությանը:Այնինչ համոզված ենք, որ կարող են ցանկության դեպքում այդ հարցը լուծել եւ առնվազն երկուսուսուկես տոկոսից բարձրացնել այն տասը տոկոսի»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Նա առանձնացրեց նաեւ ժամանցի վայրերի խնդիրը, ինչը իշխանություններին ըստ նրա  կարծես, թե  չի հուզում: «Երիտասարդները զբաղվածության խնդիր ունեն, եւ այս առումով շարունակում են քաղաքային իշխանությունները աչք փակել»,- նշեց  Արմեն Ղազարյանը եւ ավելացրեց, որ Երեւանի զարգացման ծրագիրը ընդհանուր առմամբ մարդակենտրոն չէ: