Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ-Վազաշեն-Իջեւան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը եւ անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, եւ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաեւ տեղանքի երկրաբանական հետազոտություններ:
Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է եւ անցնում է անտառով:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ եւ ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4-Իջեւան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։
Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» եւ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել եւ կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման եւ թափվածքների մաքրման աշխատանքներ:
Իջեւան-Գանձաքար-Իծասար-Նավուր-Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետեւանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաեւ ձյան մաքրման աշխատանքներով եւ ճանապարհը անցանելի դարձնելով:
Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում։





























