«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու մեկնող հայ մարզիկների հետ կատարված անախորժության գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ այս գործը միացվել է ԱԱԾ վարույթում յուրացումների փաստով քննվող մեկ այլ գործի, որի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նույն կինն է: Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ մեղադրյալը հրաժարվել է իր փաստաբան Ժորա Հարությունյանի ծառայություններից, եւ այժմ գործի շրջանակներում փաստաբան է ներգրավվել Գայանե Գրիգորյանը:

Գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում գտնվող կնոջ մասին այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել: Մասնավորապես, մեզ հաջողվել է պարզել, որ նա ամուսնալուծված է, իր խնամքին ունի մանկահասակ եւ անչափահաս երկու երեխա, ինչպես նաեւ թոշակառու ծնողներ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դուստր է, ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ, սակայն հետո սկսել է զբաղվել գործարարությամբ: Մի կազմակերպության տնօրեն է եղել, որի գործունեությունը դադարեցվել է ԱԱԾ-ում հարուցված առաջին գործի շրջանակներում, իսկ մարզիկների գործի շրջանակներում նա որեւէ կազմակերպություն չի ներկայացնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար  ավիատոմսերի վաճառքով զբաղվող կնոջը փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը այդ կինը ձերբակալվել, ապա կալանավորվել է: