Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ: Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» եւ «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.»   ձկնաբուծարաններ:

Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել  ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:

Աշխատանքային այցը նախարարը սկսել է Զորակ գյուղի «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում,  զրուցել է աշխատակիցների եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական   E.M.F-ի  ընկերության մասնագետ Լ. Լեբուսի հետ, ով եւս կարծում է, որ պետք է անցում կատարվի ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին, քանզի անհամեմատ մեծ ծավալներով ջուր է օգտագործվում:

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքը. «Կարեւորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը, ՀՀ Նախագահի մոտ 2013 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել  է գործնական քայլեր կիրառել Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես,  կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդրանքով հանրապետություն  են  ժամանել «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության եւ դանիական` «Բիոմար»ընկերության փորձագետները, որի արդյունքում մշակվել է  ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության  նախարարն այնուհետ այցելել է Սիփանիկ գյուղում գտնվող «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ : Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ   զբաղվում է թառափազգի, ծիածանափայլ ու ոսկեփայլ իշխանի եւ կարմրախայտ տեսակի ձկների բուծմամբ:

Նախարարն այցի ավարտին  անդրադարձել է կիսափակ ջրամատակարարման համակարգի ներդրման  կարեւորությանը. «Այս համակարգի ներդմամբ մենք կտրուկ կնվազեցնենք  ձկնաբուծության նպատակով օգտագործվող Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները: Վերոնշյալ  տեխնոլոգիան թույլ էտալիս ձկնաբուծական ավազանի ելքային ջրերի 70%-ը դարձյալ օգտագործել: Քանզի օգտագործված ջուրը, մեխանիկական եւ կենսաբանական ֆիլտրերի միջոցով մաքրվելուց եւ թթվածնով հարստացվելուց հետո, հետ է մղվում  ձկնաբուծական ավազաններ»,- ասել է նախարարը: