Քալիֆորնիայի Գլենդել քաղաքից մի հայ, որն իրեն մեղավոր էր ճանաչել 350 կանանց էլեկտրոնային հասցեները կոտրելու եւ շանտաժ անելու մեջ, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: «Los Angeles Times»-ը գրում է, որ 27-ամյա Կարեն Ղազարյանը դատապարտվել է 60 ամսվա ազատազրկման:

Ըստ դատախազության՝ Ղազարյանը կոտրել է զոհերի «Facebook»-ի, «Skype»-ի եւ էլեկտրոնային փոստի հասցեները, փոխել գաղտնաբառերը եւ արգելափակել նրանց հասանելիությունն իրենց իսկ էջերի նկատմամբ: Այնուհետեւ նա փնտրել է զոհերի մերկ կամ կիսամերկ լուսանկարները, ինչպես նաեւ նրանց ընկերների գաղտնաբառերը եւ անունները:  Այդ տեղեկատվությամբ նա համացանցում իրեն այդ կանանց տեղ է ներկայացրել եւ հաղորդագրություններ ուղարկել նրանց ընկերներին՝ համոզելով նրանց մերկանալ, որպեսզի ինքը կարողանար տեսնել եւ լուսանկարել նրանց: Երբ զոհերը հայտնաբերել էին, որ ինչ-որ մեկը ներկայանում է իրենց ընկերոջ փոխարեն, Ղազարյանը սկսել էր նրանցից ավելի շատ լուսանկարներ կորզել՝ շանտաժի համար օգտագործելով արդեն ստացված լուսանկարները: Ղազարյանը սպառնացել էր «Facebook»-ում տեղադրել նրանց մերկ լուսանկարները, եթե նրանք չկատարեն իր պահանջները: Դաշնային իշխանությունները հայտնել են, որ իրենք չեն բացահայտել լուսանկարներում պատկերված բոլոր զոհերին: