Հայաստանում մաքսային ընթացակարգերը խախտողներին առգրավված ապրանքներն ավելի շուտ կվերադարձնեն: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Հայաստանի Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Նախատեսվում է փոփոխություններ մտցնել 224 հոդվածում, որը կարգավորում է մաքսային խախտումների ընթացքում առգրավված ապրանքների վերադարձման գործընթացը:

«224 հոդվածի համաձայն՝ մքասային ընթացակարգերի խախտումներ թույլ տվող սուբյեկտների մոտից ապրանքները առգրավվում էին: Այն դեպքում, եթե տուգանքներ կամ պարտադիր վճարներ էին կատարվում, ապրանքը հետ էր վերադարձվում տասնհինգ օր հետո: Այժմ մենք առաջարկում ենք այդ ժամկետը հասցնել մեկ աշխատանքային օրվա»,-ընդգծել է Միրումյանը: Նրա խոսքով՝ դա թույլ կտա պարզեցնել հանրապետության ձեռնարկատերերի աշխատանքը: