Ադրբեջանական կողմը հանդես է եկել Հայաստանին շանտաժի ենթարկելու հերթական փորձով:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, փոխվարչապետ եւ փախստականների ու բռնագաղթյալների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը ոչ ավել, ոչ պակաս հանդես է եկել հայտարարությամբ, որով Հայաստանից «փոխհատուցում» է պահանջում «բռնագրաված տարածքների» նյութական վնասի դիմաց: Բացատրելով իր ծիծաղաշարժ հայտարարությունը՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «նախկինում նյութական վնասի չափը, որը Ադրբեջանին էր հասցվել Հայաստանի կողմից ադրբեջանական հողի բռնագրավման հետեւանքով, կազմել է 60 միլիարդ ամերիկյան դոլար: Սակայն միջազգային վերջին հաշվարկների համաձայն՝ հասցված վնասի չափը 5 անգամ գերազանցում է»:
«Վերջին 5-6 տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից դիմել էին Գնահատողների միջազգային ասոցիացիային: Արդեն երկու տարի մենք աշխատում ենք այս կառույցի հետ: Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի արդյունքում Ադրբեջանին հասցված նյութական վնասն այսօր ավելի քան 300 մլրդ դոլար է: Դա որոշել է ասոցիացիան: Միջազգային իրավունքը թույլ է տալիս, որպեսզի Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանից պահանջի փոխհատուցել այդ վնասը:
Եթե Հայաստանը ճիշտ ճանապարհ ընտրի, Ադրբեջանը կարող է որոշակի զիջումների գնալ փոխհատուցման հարցում: Իսկ եթե նրանք սխալ, կործանարար ճանապարհ ընտրեն, իհարկե , Ադրբեջանը լիարժեք փոխհատուցում կպահանջի», - հայտարարել է Ալի Հասանովը: Թե ինչի վրա են հիմնված այս անհեթեթ պահանջները, ադրբեջանցի պաշտոնյան նեղություն չի կրում հաղորդել, ինչպես որ չի անդրադարձել Ադրբեջանի կողմից Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք փոխհատուցումը իր կողմից հրահրված պատերազմի, էթնիկ բնաջնջումների, ենթակառույցի ոչնչացման, հազարավոր փախստականների համար:





























