Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող ԿԳՆ պատշգամբից ցած նետված բնապահպանության նախարարության աշխատակից 22-ամյա Հայկ Հայրապետյանի հոր համար զարմանալի է, թե ինչպես Հայկի ընկերները այդքան շուտ մոռացան նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը:
«Հայկի մահից հետո, ոչ ընկեր, ոչ ընկերուհի ոչ հարցրեցին, ոչ զանգեցին: Կարող էին չէ՞ հարցնել, թե գործն ինչ ընթացք ստացավ: Իսկ Հայկը բոլորին նվիրված էր` ընկերասեր, հյուրասեր: Ինձ համար դա է անհասկանալի նույնիսկ շատ, թե ինչու այդքան շուտ Հայկին մոռացան»,- ասաց Միշա Հայրապետյանը եւ ավելացրեց, որ բազմիցս շաբաթ-կիրակի օրերին Հայկի ընկեր-ընկերուհիները իրենց տանն են եկել հանգստյան օրերը անցկացնելու:
«Հիմա ամեն մեկը իրենից վախենում է, ոչ գնում են, ոչ գալիս: Լավ, եթե իրենք ոչինչ էլ չգիտեն, կարող էին չէ՞ մի հատ հարցնել, թե Հայկից հետո նրա ծնողները կարողանում են ապրել, թե ոչ»,- նշեց Միշա Հայրպետյանը եւ ավելացրեց, որ թեեւ քննչական մարմինները իրեն շաբաթներ առաջ ասել էին, որ գործի 80 տոկոսը բացահայտվել է եւ դեկտեմբերին կբացահայտեն, բայց դեռ գործի նախաքննությունը ավարտված չէ:
Մինչեւ այդ NEWS.am-ի միջոցով Հայկի հայրը դիմել էր իրավապահներին եւ պահանջել, որ իրեն տեղյակ պահեն որդու գործով կատարվող քննության մասին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 22-ամյա Հայկ Հայրապետյանի գործընկերները հարցաքննվել են: Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը նշել էր, որ իրավապահները մինչեւ այսօր իրեն չեն հանդիպել, անգամ Հայկի հեռախոսը իրեն չեն տրամադրել, որպեսզի իմանա, թե վերջին անգամ ում է զանգել եւ ում հետ է խոսել: «Միայն անձնագիրն է մեզ մոտ, որովհետեւ Երեւանի տանն էր մնացել: Բանկոմատի քարտն էլ չկա»,- նշել էր Հայկի հայրը եւ ավելացրել, որ մինչ օրս փորձաքննության պատասխաններն էլ չեն ստացել: Հիշեցնենք, որ կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից նետվել է 22-ամյա Հայկ Հայրապետյանը, ով բնապահպանության նախարարության աշխատակից էր: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն էլ ասել էր, որ Հայկը նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր, ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս էր եկել աշխատասենյակից եւ տեղի էր ունեցել դեպքը: «Պարտաճանաչ աշխատակից է եղել, կոլեկտիվի կողմից սիրված, կոլեկտիվին նվիրված»,- ասել էր մամուլի քարտուղարը` հավելելով, որ աշխատակիցները նրա մոտ որեւէ կասկածելի բան չեն նկատել:




























