Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, դեռ շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա փոխանցեց, որ արդեն 28-րդ օրն է ինչ Արտակ Կարապետյանը հացադուլ է հայտարարել: Խոսելով դատապարտյալի առողջական վիճակի մասին նշեց, որ նրա առողջական վիճակը դեռ բավարար կարելի է գնահատել: «Արտակ Կարապետյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, առանձին խցում եւ աշխատանքներ են կատարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը հայտարարել էր , որ չի դադարեցնի հացադուլը մինչեւ Հայաստանի գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը, որով պահանջում է վերանայել իր գործը:




























