«Հրապարակը» գրում է. «Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրն է: Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի  առանց Գորիկ Հակոբյանի: Նա Հայաստանում չէ: Տեւական ժամանակ է, ինչ բուժվում է Գերմանիայում: Բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիռ` վտանգավոր է կյանքի համար:

Երբ կվերադառնա Գորիկ Գուրգենիչը, հայտնի չէ, սակայն վերադարձի դեպքում էլ ծանրաբեռնվածությունը նրան հակացուցված է, ուստի համակարգում շունչները պահած սպասում են` երկրի  ղեկավարությունն այդ օրը շնորհակալություն կհայտնի՞, կպարգեւատրի՞ այդ ասպարեզում երկար աշխատած Գ. Հակոբյանին, որից հետո էլ գուցե հայտարարվի նոր նշանակման մասին, թե՞ կսպասեն, մինչեւ վերջինս վերադառնա՝ նոր:

Բանն այն է, որ համակարգն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է ոչ միայն առանց ղեկավարի, այլեւ առանց ժամանակավոր պաշտոնակատարի: Ոչ ԱԱԾ պետի առաջին տեղակալին, ոչ էլ 4 տեղակալներից որեւէ մեկին ԺՊ չեն նշանակել: ԺՊ չնշանակելու հանգամանքը ենթադրել է տալիս, որ գործող տեղակալներից որեւէ մեկը չի զբաղեցնելու ԱԱԾ ղեկավարի պոստը, քանզի, որպես կանոն, ԺՊ են նշանակում նրան, ով հետո պետք է դառնա պետ:

Ի դեպ, նոր պետի անունների շարքում կրկին հնչում է Քեթրինի Միհրանի՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի անունը, սակայն ոմանք չեն բացառում նաեւ նախկին գլխավոր վարչության պետ` գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին»: