ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը  դրական է վերաբերում Մաքսային միությանը, սակայն դա Սերժ Սարգսյանի հետ կապ չունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ ինքը միշտ ասել է, որ Մաքսային միության կողմնակիցն է եւ ջատագովը: Եղիազարյանը  հիշեցրեց, որ Պուտինը Ռուսաստանն ընդունեց ծնկաչոք վիճակում, բայց ոտքի հանեց եւ փակեց երկրի պարտքերը:

«Տա Աստված, որ այդ մարդու դրական գործունեությունից մի կաթիլ քսվի սրանց: Բայց մեր իշխանությունները թշվառ են եւ ունեն թշվառի հոգեբանությունից»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:

Նա Պուտինի այցի հետ կապված առանձնացրեց նաեւ գազի հարցը: «Պուտինն ասաց, որ գազը մեր բարեկամները պետք է սպառեն այն գնով, ինչ գնով ռուսաստանցիները, գումարած ճանապարհածախսը: Բայց, երբ ոտքը քաշեց, ասացին, թե գազը սպառվելու է նույն գնով, քանի որ 300 միլիոն պարտք ենք: Բա որտեղի՞ց այդ պարտքը»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը, միաժամանակ հավելելով, որ Եվրոպան բազմիցս է ապացուցել, որ ինքը ժողովրդավարություն չունի:

«Ժողովրդավարություն ասածը գոյություն չունի: Դա իրենց համար  է, բայց ոչ մեր համար»,- համոզմունք հայտնեց Գուրգեն Եղիազարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am