Հայաստանում փորձ է արվում ձեւավորել քաղաքական ուժ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությանը:

«Նախկինում եւս նման փորձեր եղել են, կարեւորը արդյունքն է: Եթե ընդդիմությունը թողած այսօրվա գործերը, զբաղվի միայն իշխանության հարցով,  դա  չի աշխատի: Իսկ եթե ծրագիր կազմի եւ առաջնորդվի դրանով, դա այլ հարց է»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկը խոսում է կոռուպցիայից, ինքը պետք է զերծ մնա դրանցից:

«Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Եթե կարծում եք, որ այնտեղ միայն Նիկոլ Փաշինյանն է ու Սասուն Միքայելյանը, սխալվում եք»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը եւ ավելացրեց, որ մեր երկրի դժբախտություններից մեկն այն է, որ չունենք առողջ ընդդիմություն, քանի որ եթե ունենանք առողջ ընդդիմություն, ապա կունենանք առողջ իշխանություն:

Միաժամանակ նա ցանկություն հայտնեց, որ այդ ուժը կայանա որպես առողջ ընդդիմություն:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ կողմ է ցանկացած քայլի, որի հեղինակները հայտարարում են, որ դեմ են Սերժ Սարգսյանին: «Բայց ես չեմ անդամակցի: Սպասենք թող երեխան ծնվի, նոր իմ մոտեցումները կհայտնեմ»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը: