Դեկտեմբերի 11-ին կայացել է  Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նիստի օրակարգում քննարկվում էր 2014թ. նախատեսվող Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի խորագիրը եւ մասնակցության ձեւաչափը:

Ողջունելով նիստի անդամներին ու հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին սփյուռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու եւ լուծմանը նպաստելու համար, նշելով, որ դրանք ճիշտ ներկայացնելով է պայմանավորված Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացումը: Նախարարը կարեւորեց սիրիահայերի հիմնախնդիրների բարձրաձայնումը, խնդրեց նիստի մասնակից խմբագրապետերին ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի օգության ծրագիրը:

Հեռակապով նիստին մասնակցող Ժիրայր Չոլաքյանը (Ֆրանսիայ), Դերենիկ Մելիքյանը (Իրան), Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ) եւ Կիմ Գաբրիելյանը (Արցախ) ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: 2014թ. նախատեսվող՝ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ձեւաչափի, թեմայի, անցկացման վայրի եւ ժամկետի վերաբերյալ քննարկումներին մասնակցեցին նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, համակարգող մարմնի մյուս անդամները՝ Հարութ Սասունյանը, Շահան Քանդահարյանը, Աստղիկ Գեւորգյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Աստղիկ Ավետիսյանը, Էվելինա Բաղդասարյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլոր արժեքավոր առաջարկությունների համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձեւաչափի, վայրի ու ժամկետի վերաբերյալ համահայկական համաժողովների համակարգող մարմնի հերթական նիստը: