Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվել, որն առաջինն էր համալսարանի եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջեւ այսօր ստորագրված Համագործակցության համաձայնագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի լեզվի օրերի հիշատակումը, իրազեկման դասախոսությունները եւ քննարկումները համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը:

ՄԱԿ-ի անկյանը տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կօգնեն երիտասարդներին ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաեւ ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական եւ այլ միջոցառումներ կազմակերպելիս:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ՝ Մարիա Դոցենկոն նշել է. «Երիտասարդների կարողությունների եւ հնարավորությունների ընդլայնումը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ երիտասարդները համարվում են ցանկացած հասարակության շարժիչ ուժը:

Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են եւ մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության եւ անվտանգության, մարդկային կայուն զարգացման խթանման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա հարստացման եւ ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր համատեղ գործողություններն ուսանողներին հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում եւ դառնալու իրենց երկրի իրազեկ եւ ակտիվ քաղաքացիներ»,- ասել է ԵՄՀ ռեկտոր՝ Սուրեն Օհանյանը:

Մինչ այս երկկողմ համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի եւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ: Սլավոնական, Մանկավարժական, Ագրարային եւ տնտեսագիտական համալսարաններում բացվել են նաեւ ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) գրադարաններից մեկը: