Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի մասնակցությամբ դեկտեմբերի 11-ին կայացել է հավաք-հանդիպում սիրիահայերի հետ՝ «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները ներկայացնելու նպատակով:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ովքեր ներկայացրել են «Նոր Հալեպ» թաղամասի արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան հատակագծի ճարտարապետական լուծումները: Ծրագրով նախատեսված է կառուցել 485 բնակարան:

Հանդիպմանը մասնակցում էին այն սիրիահայերը, ովքեր ցանկություն են հայտնել եւ հաշվառվել են թաղամասում բնակարաններ ձեռք բերելու համար:

Վահե Թութունջյանը ներկայացրել է «Նոր Հալեպ» թաղամասի գլխավոր հատակագծի դիմային և կողային ճակատները, տիպային բնակարանների հատակագծերը: Նախատեսվում է համայնքին տրամադրել սպասարկման առաջին ոլորտները՝ խանութներ, դեղատուն, սրճարան, ավտոկանգառներ, բազմաֆունկցիոնալ ակումբ, լողավազան եւ այլն:

Կենտրոնական բանկի, «Կոնվերս» և «Հայբիզնես» բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են «Նոր Հալեպ» թաղամասում  բնակարան ձեռք բերելու համար սիրիահայերին առաջարկվող հիպոթեկային վարկերի տրամադրման պայմանները և «Վարկեր երիտասարդ ընտանիքներին» վարկային ծրագիրը, պատասխանել են դրանց հետ կապված սիրիահայերի հարցերին: 

Ամերիկահայ փաստաբան Կարո Քարամյանը առաջարկել է ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին  աջակցել՝ հայրենիքում իրնեց օջախն ունենալու գործում:

Վերջում տեղի է ունեցել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման հետ կապված քննարկում: