Մի խումբ տաջիկ գիտնականներ նամակ են հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չովգանը (պոլո) ճանաչել ընդհանուր ժառանգություն, ինչը կազմակերպության ցուցակում համարվում է ադրբեջանական:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, տաջիկերեն եւ անգլերեն լեզուներով գրված նամակում, որի կրկնօրինակին է տրապետում «Ռադիո Օզոդի»-ն(«Ազատություն»), գիտնականները խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, այս խաղը ճանաչել Իրանի, Տաջիկստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների ընդհանուր ժառանգություն:

Մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի ութերորդ նստաշրջանի ժամանակ չովգանը, որպես ավանդական ադրբեջանական ձիխաղի, ավելացվել էր ՅՈՒՆԵՍԿՕ - ի «ոչ նյութական ժառանգության» ցանկում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության համաձայն՝ չովգանը, որը պոլոյի տարրական տեսակ է, անվանվել է ավանդույթ, որը շտապ պաշտպանության կարիք ունի, ինչպես որ բերքի գվատեմալական տոնը: Չովգան խաղում էին հիմնականում քոչվորները, ու այն ընտրվել է, քանի որ գտնվում է վերացման սպառնալիքի ներքո: Բառը ծագում է կեռված ծայրով փայտի անունից, որը նախկինում օգտագործում էին չոբանները: Այսօր խաղը խաղում են երկու թիմեր՝ ավանդական հագուստով ու ավանդական երաժշտության հնչյունների ներքո: «Սակայն չովգան խաղալու ավանդույթը մարում է, քանի որ կորում է երիտասարդության հետաքրքրությունը դրա հանդեպ՝ ուրբանիզացման ու արտագաղթի հետ համատեղ, ինչը հանգեցնում է խաղացողների, մարզիչների ու ղարաբաղյան ձիերի պակասի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:

Ավելի վաղ, ինչպես հաղորդում է Ռուսական լրատվական Iran.ru գործակալությունը, Իրանի ազգային պատմա-հնագիտական համայնքը հայտարարությունում, որի պատճենը ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ - ի գլխավոր քարտուղարին, դեմ է արտահայտվել Ադրբեջանի փորձին հնագույն պարսկական ձիախաղը՝ ժամանակակից պոլոյի նախնի «չոգանը» (ադրբեջաներենում այսպես կոչված «չովգան») ճանաչել սպորտաձեւ, որը ծագել է Ադրբեջանի տարածքում:

ՅՈՒՆԵՍԿՕ - ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային հասցեագրված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը կազմակերպությանը ներկայացրած տեսանյութում «չովգան» խաղը ներկայացնում է որպես ավանդական ղարաբաղյան ձիախաղ, որը Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունն է եւ պաշտպանության հրատապ կարիք ունի: Նշվում է, որ տվյալ ներկայացման ժամանակ Ադրբեջանն օգտագործել է պարսկական բանաստեղծություն ու մանրանկարներ, սակայն չի նշել  Իրանում եւ մի շարք հարեւան երկրներում չոգան խաղի պատմության մասին:

Նամակի հեղինակները կոչ են արել ՅՈՒՆԵՍԿՕ - ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային հետաձգել Ադրբեջանի այս դիմումի առթիվ քվեարկությունը, որը նախատեսվում է անցկացնել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի ութերորդ նստաշրջանի ժամանակ՝ դեկտեմբերի 2-7-ը, որպեսզի մնացած երկրներին, որոնք առնչվում են մշակութային այս ժառանգությանը, հնարավորություն տրվի մասնակցել այս անվանակարգին:

Իրանը հայտարարում է, որ բավարար քանակությամբ ապացույցներ եւ փաստաթղթեր կան այն մասին, որ պոլոն ծնունդ է առել Հին Պարսկաստանում եւ մտահոգություն  է հայտնում, որ «եթե Իրանի կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ապա Իրանի մշակութային ժառանգությունը կարող է վերագրվել այլ երկրի»: Իրանցի գիտնականներին են այժմ միացել գործընկերները Տաջիկստանից: