Ակտիվիստ Շողիկ Մելքումյանը տեղյակ չէր, որ իր պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները վերականգնվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շողիկ Մելքումյանը:
«Բնականաբար, դա նորմալ չէ, բայց մեր ոստիկանությունից այլ բան հնարավոր չէ սպասել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Կոմիտաս 5-ի դեպքերով իր իրավաբանների զբաղվելուն, Շողիկ Մելքումյանն ասաց, որ նրանք զբաղվում էին Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի հարցով, ում ազատել են աշխատանքից, իսկ համբուրած ոստիկանի հարցով չեն զբաղվել: «Հիմա ինձ ամենաքիչն է հետաքրքրում այդ հարցը, ինձ հիմա հուզում է իմ ոտքի կանգնելը, իրավաբաններին տեղյակ կպահեմ, եթե անհրաժեշտություն գտնեն, մի բան կանեն, եթե ոչ, Աստված իրենց հետ, այլ բան չէր էլ կարելի սպասել այդ կեղտոտ համակարգից»,-ասաց Շողիկ Մելքումյանը՝ նշելով, որ շաբաթներ առաջ վթարի է ենթարկվել:
Նոյեմբերի 17-ին Գառնի գնալու ճանապարհին մեքենայի անիվի պայթելու հետեւանքով վարորդը կորցրել էր կառավարումը վթարի էր ենթարկվել: Նա 2 օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից ու դեռ մինչեւ վերջ չի ապաքինվել: Վթարի հետեւանքով վնասվել է աջ ձեռքը, այժմ այդքան էլ չի հետաքրքրվում նորություններով, քանի որ զբաղված է առողջական խնդիրներով:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ, ըստ համացանցում տարածված տեսանյութի եւ դրանից արված լուսանկարին, ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը: Դրանից հետո դադարեցվել էին ակտիվիստի պարանոցը համբուրած ոտսիկանի` ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի լիազորությունները: իսկ այդ աղջիկը` Շողիկ Մելքումյանը ասել էր, որ այդ պահին չի զգացել, թե ինչպես է իրեն համբուրել ոստիկանը: «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ նշված ոստիկանին հայտարարվել է նկատողություն եւ նրա լիազորությունները վերականգնվել են:




























