Մաքսային միություն մտնելու որոշումը սրբագրել, բայց չի վերացրել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգը: Այս մասին դեկտեմբերի 12-ին «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանի հավաստիացմամբ՝ կարեւոր է, որ սա հաստատում են եվրոպացի գործընկերները, եւ դա հստակ արտահայտված է Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունում: «Եվրոպայի հետ մեր անցած եւ դեռ նախանշված ուղին ներկա տեսքով չէր լինի, եթե մենք Հայաստանի քաղաքացիական հասարակության աջակցությունը չզգայինք: Ես ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այն առաջադրանքները, որոնք դրվել էին որպես Հայաստան-ԵՄ երկխոսության հիմնական նպատակներ, անշեղորեն կատարվում են», -նշել է Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ վիլնյուսյան «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի հիմքում ընդհանուր արժեքների հենքով ապրելու եւ զարգանալու, ինչպես նաեւ եվրոպական ընտանիքի հետ որակապես նոր հարաբերություններ կառուցելու եւ խորացնելու տեսիլն է:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ Վիլնյուսում իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել էր, որ «Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»:
«Վիլնյուսում Հայաստանն՝ ի դեմս նախագահի, կրկին հաստատեց, որ բարեփոխումների իրականացման ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունները մնում են օրակարգում: Մենք պատրաստ ենք շարունակել «ԱԳ» շրջանակում համագործակցությունը եւ կշարունակենք բարեփոխումները՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարեւորագույն բաղադրիչ», - ընդգծել է Վիգեն Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ գալիք տարին շրջադարձային կլինի «Արեւելյան գործընկերության» հետագա զարգացման համար՝ համագործակցության նոր մոդելների որոնման տեսանկյունից:





























