Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները երեկ՝ դեկտեմբերի 11-ին, այցելել են ծեծի ենթարկված ակտիվիստ Գոռ Առաքելյանի բնակարան, որպեսզի պարզեն նրա հետ տեղի ունեցածը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գոռ Առաքելյանը:

«Իմ այն հարցին, թե ինչու մեկ շաբաթ անց են գալիս, պատասխանեցին, որ նոր են տեղեկացվել դեպքի մասին,  ու դա այն դեպքում, երբ ողջ մամուլը առաջին 2 օրվա ընթացում բազմիցս անդրադարձել էր դեպքին, էլ չեմ ասում, որ որոշ լրագրողներ դեպքի կապակցությամբ դիմել էին ոստիկանության լրատվական վարչություն: Ես իրենց, անշուշտ, հարցրել եմ՝ դեպքից մեկ շաբաթ անց եկել եք, որ ինչ անեք»,- ասաց ակտիվիստը:

Գոռ Առաքելյանն արդեն ապաքինվում է, կարողանում է դուրս գալ տնից, այժմ կապտուկների մի մասն անցել է, հիմնական ծանր վնասվաքծներն էլ  ավելի թեթեւ են: Նա բանավոր ձեւով ոստիկաններին պատմել է դեպքի մասին, ներկայացրել է իր դժգոհությունները, հիմնավորել է, թե ինչու չի դիմել ոստիկանություն: Գոռ Առաքելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Առաջիկայում նա փաստաբանի հետ կայցելի ոստիկանություն՝ բացատրություն տալու դեպքի մասին:Ակտիվիստը շեշտեց, որ որեւէ ակնկալիք չունի ոստիկանության քննությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ակտիվիստ Գոռ Առաքելյանը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող տան մերձակայքում, ծեծի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր նրա ընկերներից Սուրեն Սահակյանը:

Նա նշել էր, որ 4 հոգի քաղաքացիական հագուստով են եղել, որոնք անմիջապես հրահրել են կոնֆլիկտը, երկու եւ ավելի անձինք՝ ոստիկանական համազգեստով: Գոռ Առաքելյանը մեզ հետ զրույցում ամենայն մանրամասնությամբ պատմել էր, թե ինչպես ոստիկանների աջակցությամբ եւ մասնակցությամբ իրեն ծեծի են ենթարկել: Դեպքից հետո դիմել էին ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից հայտնել էին, թե այդ հրապարակումներն ուսումնասիրվում են, Գոռ Առաքելյանի կողմից որեւէ դիմում, բողոք չեն ստացել: