Եվրոպական միությունը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ եւ կշարունակի աջակցել երկրին Երեւանի հետ համատեղ նոր պարտականությունների ուղղություններով: Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը՝ Երեւանում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում:

«Եվրամիությունը հիմնականում կենտրոնանալու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների վրա, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու: Ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Հայաստանը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունների բազան»,-ասել է Աջեմյանը: Նրա խոսքով՝ Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունն արտահայտում է կողմերի՝ հետագա համագործակցության պատրաստակամությունը: