«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 12-ից ամեն օր զանգահարելու են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի 114 թեժ գիծ եւ ասեն. «Ես դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ու անջատեն հեռախոսը:

«Կարող եք մի քանի անգամ փորձել․ավելի ճիշտ՝ ինչքան հավեսներդ տա: Հատուկ օր և ժամ կարիք չկա նշելու։ Կարծում եմ, որ սա էլ է յուրօրինակ բողոքի ակցիայի ձև։ Եվ կարող է իր դրական արդյունքը ունենալ մեր այս պայքարում»,- NEWS.am-ին ասացին նախաձեռնության անդամները։

Ֆեյսբուքյան իվենթի մասնակիցները կոչ են անում ոչ միայն թեժ գիծ զանգահարել, այլև նույն հաղորդագրությամբ նամակներ ուղարկել կենտրոնի էլեկտրոնային հասցեին: Թեժ գիծ՝ 114 (մարզերից՝ 0 8000 114) Էլ. փոստ՝ [email protected]

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը , որով նխատեսվում է 1974թ.-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ ։