ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահությունը հաջողված էր եւ լավ օրինակ դարձավ այլ երկրների համար: Այս մասին դեկտեմբերի 12-ին Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինը: Նիստի ընթացքում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բուլղարիային:
Ըստ նախարարի՝ Հայաստանի օրինակը գործընկերների համար դարձավ մարտահրավեր՝ լավ իմաստով: Նա հավելել է, որ Բուլղարիայի նախագահության շրջանում ուշադրություն կդարձվի տրանսպորտի, երիտասարդության հարցերի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, սպորտի, կլիմայական փոփոխությունների բնագավառներին :
Զուգահեռաբար Բուլղարիան կբարձրացնի կազմակերպության դերը, կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, ընդհանուր շահերի թվի ավելացմանը, անդամ երկրներին կօգնի զարգացնել տնտեսությունը, կնպաստի միջազգային անվտանգությանը:
Ամփոփելով նախագահության արդյունքները (որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը) Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ կես տարի առաջ, երբ Հայաստանը գլխավորեց կազմակերպությունը, խոստացավ, որ կաշխատի համագործացկցության խորացման, կազմակերպության դերի բարձրացման ուղղությամբ: Նախագահության շրջանում 70-ից ավելի միջոցառումներ են կազմակերպվել: Բուլղարացի գործընկերոջը շնորհավորելով՝ արտգործնախարարը վստահեցրել է, որ Բուլղարիան կարող է Հայաստանից օգնություն ակնկալել:





























