Մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե փողոցների, մայթերի, աստիճանահարթակների եւ բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաեւ աղալցման աշխատանքներ: Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: Հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովելու նպատակով էլ մայթերի եւ աստիճանահարթակների մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի որոշ ծառայությունների աշխատակիցներ: Չդադարող ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են: