Գոյություն ունեն մեծ տեխնիկական խնդիրներ՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ «Եվրասիական ինտեգրում-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային կոնֆերանսին:
«Ես հոռետեսորեն եմ վերաբերում Մաքսային միության ծրագրին, քանի որ համոզվել եմ, որ այն մշակվել է երեք կոնկրետ երկրների համար եւ բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան»,-ընդգծել է Պողոսյանը: Ըստ նրա՝ տեխնիկական հարցերի տեսանկյունից ԵՄ բանակցողները շատ լավ աշխատանք են կատարել, սակայն նույնը չի կարելի ասել քաղաքական որոշումներ կայացնելու մասին:
Նա անհանգստություն է հայտնել Վրաստանի կապակցությամբ: «Կարծես թե ոչինչ չի խանգարում Վրաստանին Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել: Արդյոք նոր բաժանարար գծեր ստեղծելո՞ւ ենք այս դեպքում»,-հարց է առաջադրել Պողոսյանը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը հայտնի չէր ոչ մեկին, եւ այն, ինչ կլինի ՄՄ դեպքում, եւս հայտնի չէ: «Մենք պետք է ճիշտ գիտակցենք մեր սեփական շահերը: Եվրամիությունը, բնականաբար, ունի իր շահերը, Ռուսաստանն ու ՄՄ-ն՝ իրենք»,-եզրափակել է պատգամավորը:





























