Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու թիկնապահները կերել են պալատում հատուկ թագուհու համար դրվող ընկույզները: Բանը հասել է նրան, որ թագուհին սկսել է ընկույզով լցված գավաթների վրա նշում անել՝ փորձելով հետեւել դրանց պարունակության անհետացմանը:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Լոնդոնում News of the World թերթի թղթակիցներ Քլայվ Գուդմանի եւ Էնդի Քոուլսոնի դատի ընթացքում, որոնք մեղադրվում են հայտնի մարդկանց, այդ թվում՝ արքայական ընտանիքին լրտեսելու համար:
Նիստի ժամանակ որպես ապացույց մեղադրող կողմը լրագրողներից մեկի նամակն է ընթերցել, որում պատմվում էր պալատական թիկնապահների՝ թագավորական աղանդերից օգտվելու սովորության մասին:
Ըստ տեղեկության՝ թագուհին փրփրել է՝ իմանալով, որ ոստիկանները գողանում են իր համար մատուցված ընդեղենն ու այլ աղանդերները:
Լրագրողի զեկույցում նաեւ նշված է, որ թագուհու աշխատակազմը թիկնապահներին պաշտոնապես խնդրել է չգողանալ ընկույզները:
Մեղադրողի կողմից նամակն ընթերցվելուց հետո համընդհանուր ծիծաղի ներքո դատավոր Յան Էդմոնդսը կատակով նշել է, որ ոստիկանների հասցեին հնչած մեղադրանքներն ապացուցված չեն:
Նշենք News of the World թերթը պատկանում էր մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքին: Այն 2011թ. փակվել էր, երբ հայտնի էր դարձել, որ դրա թղթակիցները աստղերին լրտեսում են արգելված մեթոդներով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























